Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քաղաքականության մեջ արդարության փնտրտուքը ոչնչի չի բերում»

«Քաղաքականության մեջ արդարության փնտրտուքը ոչնչի չի բերում»
28.04.2017 | 09:12

«Իրատեսի» զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Ձեր գնահատականով՝ ի՞նչ է կատարվում Սիրիայում Իդլիբին Թրամփի անակնկալ հարվածից հետո, Ռուսաստան-Իրան առանցքը նահանջո՞ւմ է, ԱՄՆ-ը կշարունակի՞ Սիրիային հարվածներ հասցնել՝ քիմիական զենք կիրառելու չհաստատված պատրվակով:
-Աշխարհում հիմա չկա արդարության փնտրտուք, քաղաքականության մեջ արդարության փնտրտուքը ոչնչի չի բերում, մարդիկ իմանում են ճշմարտությունը, բայց դա գործնական կիրառություն չի ունենում արդեն երկար ժամանակ: Այդպես էր Իրաքում, Լիբիայում, այլ երկրներում: Իհարկե, ճշմարտությունը մարդկությանը պետք է, բայց, որպես կանոն, հետո բոլոր խթանիչները հերքվում են, և մնում են փաստերը: Այդ հարվածները երեք կարևորագույն մասի են բաժանվում: Առաջին՝ ԱՄՆ-ը Օբամայից հետո աշխարհին ցույց տվեց, որ վերադառնում է ուժի կիրառման քաղաքականությանը: Եթե մինչ այդ ԱՄՆ-ը աշխատում էր դիվանագիտական, տնտեսական միջոցներով հարցերը լուծել, Թրամփի վարչակազմը որոշել է հարցերը լուծել ուժով:
-Դա նաև Աֆղանստանի՞ն հարվածն ապացուցեց:
-Նաև այնտեղ, ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ամբողջ զինանոցն օգտագործել: Հավելեք Հյուսիսային Կորեան: Թրամփի վարչակազմը որոշեց ցույց տալ Ռուսաստանին ու աշխարհին, որ Օբամայից հետո այս հարցում փոփոխություն է եղել: Երկրորդ կարևորագույն խնդիրը Իրանն է: Ի վերջո այդ ամենը բերելու է Իրանի հետ կապված խնդրի լուծմանը: Խնդիրն ավելի խոր է՝ ո՞ր ուղղությամբ պիտի գնա մահմեդական աշխարհը՝ շիա Իրա՞նը, թե՞ սուննի Թուրքիան պիտի առաջնորդի: ԱՄՆ-ի գլխավորությամբ որոշակի էլիտաներ փորձում են պարզ դարձնել՝ ի վերջո մահմեդական աշխարհի հետ խոսելու գլխավոր ուղին ո՞րն է: Օբաման, նկատելով, որ սուննիները շատ են բարձրացել, փորձեց հավասարակշռել՝ շիաներին առաջ մղելով: Թրամփի վարչակազմը՝ գաղափարախոսական առումով այն էլիտայի ազդեցության տակ է, որն առաջնահերթ է համարում Իսրայելի զարգացումը: Դրանով է բացատրվում Իսրայելի ակտիվությունը թե իր, թե մեր տարածաշրջանում:
-Դա մեզ համար վտանգավո՞ր է:
-Հայկական քաղաքականության համար դա ղարաբաղյան խնդրում ապակառուցողական դեր է խաղում, բայց հակահայկական դրսևորում չէ, պարզապես կա քաղաքական կուրս, որ չի համընկնում հայկական քաղաքականության հետ: Երրորդ խնդիրը տարածաշրջանի նոր քաղաքական քարտեզն է՝ նոր սահմաննե՞ր են գծվելու, թե՞ պահպանվելու է եղածը: Թուրքիան կանգնած է լուրջ վտանգի առաջ՝ իզուր չի Էրդողանը կենտրոնացնում իշխանությունը: Կրկնեմ՝ քանի անգամ ասվել է, որ Հայաստանն իրավունք չուներ հիմա անցնելու խորհրդարանական կառավարման, երբ տարածաշրջանում նման գործընթացներ են ծավալվում: Թուրքիան վիթխարի ջանքերի գնով կենտրոնացնում է իշխանությունը՝ դիկտատորական երկիր դառնալու համար:
-Պատճառն Էրդողանի իշխանատենչությո՞ւնն է, թե՞ օբյեկտիվ պատճառներ կան:
-Էրդողանը հաստատ գիտի, որ Թուրքիան մասնատվելու է: Աշխարհաքաղաքական, քաղաքագիտական, տնտեսական բոլոր վերլուծությունները վկայում են, որ ինչ էլ անի Էրդողանը, Թուրքիան չի կարող չքանդվել: Դա առաջացնում է բազում հարցեր ոչ միայն Թուրքիայում, այլև տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում:
-Թուրքիայի հանրաքվեն ակնհայտ դարձրեց հասարակության երկատվածությունը: Փոփոխությունները երկու տարուց են ուժի մեջ մտնում, կարո՞ղ է այդ ընթացքում Էրդողանը կորցնել իշխանությունը կամ չվերընտրվել:
-Թուրքիան վաղուց տուրբուլենտ վիճակում է՝ խորհրդարանական կրկնակի ընտրությունները, հեղաշրջման փորձը, որից հետո հազարավոր մարդիկ կալանվեցին, սպանվեցին: Գյուլենական շարժումը մի խնդիր է, բայց երկրում սկսվել է շարժում, որ հնարավոր չէ կասեցնել: Դժվար է ասել՝ ով ում կգերակշռի: Կարծում եմ՝ հայերը խառնվելու խնդիր չունեն, պիտի ուղղակի կողքից հետևեն, որովհետև գործընթացները կարող են արյունոտ լինել: Էրդողանը չի կարողանում իր ժողովրդին ասել ճշմարտությունը, եթե մինչև վերջ անկեղծանա, ահավոր քաոս կարող է ստեղծվել, որը կկործանի թե Թուրքիան, թե Էրդողանին:
-Ո՞րն է այդ կործանարար ճշմարտությունը:
-Դա մեր խնդիրը չէ: Եթե նա մինչև վերջ ասի, թե ինչի է պատրաստում երկիրն ու ինչ կարող է լինել, քաոսն ավելացնելու է: Շատերը հիմա հարց են տալիս՝ ինչպե՞ս եղավ, որ Էրդողանը Պուտինի եղբայրն էր, հիմա էլ Թրամփի եղբայրն է: Այդպիսին է տուրբուլենտությունը, առավել ևս, երբ քաղաքական կուրսը գաղափարական հիմքի վրա չի կառուցվում, ընթացիկ շահերով է առաջնորդվում: Թուրքական էլիտայի որոշակի հատված, որ հատուկ ծառայություններից ու զինվորականներից է կազմված, գիտի, թե ինչ կարող է պատահել Թուրքիային, այդ պատճառով էլ փորձում են չափավորված անել այն, ինչ իրենց կարծիքով կփրկի Թուրքիան: Բայց կան գործընթացներ, որ անհնար է կասեցնել:
-Եթե մահապատիժը վերականգնվի, Թուրքիային Եվրախորհրդից դուրս կհրավիրե՞ն: Փորձագետներն այն կարծիքին էին, որ հանրաքվեից հետո Անկարան փորձելու է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորել, կստացվի՞:
-Թուրքիայի համար շատ կարևոր է ԱՄՆ-ի կարծիքը, Իսրայելի կարծիքը, հետո գուցե մնացածի:
-Մնացածի մեջ ի՞նչ դեր ունի Մոսկվան:
-Բիզնես: Թուրքիայի հետ եղբայրանալու պատճառի որևէ գաղափարական վերլուծություն չկա, կա պոմիդորի խնդիր, լողափերի՝ առևտրական շահեր:
-Իսկ Իրա՞նը, որտեղ մայիսին նախագահի ընտրություններ են:
-Կարծում եմ՝ Հասան Ռոհանին ռեալ մրցակից չունի: Իրանում էլ ծանր կացություն է: Տարածաշրջանն ու աշխարհն են տուրբուլենտության մեջ, Թրամփի բոլոր գործողությունները, ինքը ցանկանա, թե ոչ, ավելացնելու են քաոսը: Հետուառաջ քայլեր են արվելու, որ չեն հասկացվելու: ԱՄՆ-ը իր հաշվարկների մեջ շատ պրագմատիկ է, Իրանը դա լավ հասկանում է և գիտի, որ կտրուկ քայլեր անելը չափազանց վտանգավոր է, ու անխտիր բոլորի հետ լավ հարաբերություններ է պահպանում: Աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին, հազարամյակների քաղաքական իմաստնությունը թելադրում է իրավիճակը չսրել: Կարծում եմ՝ երկար չի հաջողվի, որովհետև գործ ունեն անկանխատեսելի քայլեր ծրագրավորողի հետ՝ մյուս կողմից, և ուզեն, թե չուզեն՝ կողմնորոշվելու կարիք կլինի: Նույնը վերաբերում է Ռուսաստանին: Թրամփը մերն է, մերը չէ, մեկը նրա հետ շամպայն է խմում, մյուսը հայհոյում է՝ այս հիմքի վրա քաղաքականություն չի կառուցվի: Հավելեք ռեցեսիան աշխարհում՝ տնտեսության վիճակը չի բարելավվում, նավթի գների տատանումներն էլ դա են վկայում: Բոլոր նախադրյալներն ասում են, որ իշխող համակարգը տուրբուլենտության վիճակում է: Այս վիճակում ո՞րն է հայերիս խնդիրը: Քանդվողի տակ չմնանք, փոփոխություններն օգտագործենք: Ամեն ինչ կատարվում է փոփոխությունների ժամանակներում: Օրինակ՝ Ադրբեջանը շատ լուրջ բանակցում է ԵԱՏՄ մտնելու համար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՀՀ ներկայացուցչի նշանակումը թող մեծ նվաճում չթվա, հակառակ դեպքում Հայաստանը ՀԱՊԿ-ից պիտի դուրս գար, ի վերջո՝ ՀԱՊԿ-ում հարց լուծողը Ռուսաստանն է, ով էլ կառույցը գլխավորի:
-Մենք կարո՞ղ ենք ռեալ հույսեր ունենալ, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կզարգանան:
-Դա կախված չէ միայն Թեհրանից, շատ ավելի խոր աշխարհաքաղաքական խնդիր է: Հիմա բոլոր կողմերն ակտիվացել են: Աշխարհը պատրաստվում է Ղարաբաղի խնդիրը լուծելուն: Եթե խնդիրը լուծվի, և Հայաստանը մնա շրջափակման մեջ, իմաստը ո՞րն է: Հիմա ընդհանուր քայլեր են կատարվում, շատ տերությունների քայլերի հերթականությանն ենք ականատես լինելու:
-Մենք ի՞նչ ենք ստանալու այդ քայլերից:
-Հայաստանի ամենամեծ խնդիրները շրջափակումից չեն, իհարկե, շրջափակումը խնդիր է՝ ոչ ոք չի ժխտում, բայց զարգացման տեսակետից շատ ավելի լուրջ խնդիրներ կան: Ի՞նչ ենք ստանալու հարցին պիտի պետությունը պատասխանի: Ոչ թե մեր ցանկությունները, այլ՝ ռեալ ինչի՞ ենք հավակնում ու ինչի՞ դիմաց: Այն, ինչ առաջարկվում է Ռուսաստանից, լինելով ընդհանուր ծրագիր՝ համաձայնեք խաղաղության, որովհետև ավելի վատ է լինելու, ընդունելի չէ: Դա հարց լուծելու տարբերակ չէ: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց 20 տարի պատերազմում գտնվող երկրին պատերազմով չես վախեցնի: Երբ զգում են՝ պատերազմից վախենում ես, ավելի ագրեսիվ են դառնում: Պետք է քիչ թալանել, լավ պատրաստվել, դա սահմանին կանգնած տղաների կյանքի գինն է:
-Սովորաբար քաղաքականության մեջ հաջողության համար հակառակորդի խոցելի կողմերն են գտնում, մեր ամենախոցելի կողմը Ղարաբա՞ղն է:
-Ոչ: Այսօրվա քաղաքական էլիտայի 90 %-ի անգրագիտությունն է:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք փոխելու համար, եթե ձևը չկա:
-Պատմական օրինակները ասում են՝ եթե ֆրանսիացիների պես դիմենք գիլիոտինի, երեք ամսում հարցը կլուծվի, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության միջոցով լինի, դաժան քաղաքացիական պատերազմով, մի 20 տարի պետք կլինի:
-Ձեր պատմական օրինակները կայսրություններին էին վերաբերում, մենք այդքան կենսատարածք ունե՞նք:
-Փոքր երկրներից էլ տասնյակ օրինակներ կան՝ խնդիրը դա չէ: Քաղաքագիտորեն տարբերակները շատ չեն: Ընտրություններով Հայաստանում հարց չի լուծվում, ուրիշ ի՞նչ է մնում: Հայաստանի կրեատիվ էլիտան երգում է, պարում է, հայհոյում է, ինքնակրթության աստիճանը մինչև այդքան բարձրանա, լույսերը կարող ենք անջատել ու երկրից հեռանալ: Աշխարհում, ոչ միայն Հայաստանում, հիմա ամենախոցելին մարդիկ են՝ նրանք, ովքեր կառավարում են: Համեմատեք Ստալինին, Չերչիլին, Ռուզվելտին, Շառլ դը Գոլին այսօրվա կառավարողների հետ: Կարո՞ղ եք նրանց մեջ գտնել մեկին, որ մեկ միլիարդ դոլար է ունեցել: Եթե որոշում կայացնողներն այդ աստիճանի գերված են ֆինանսներով, նրանց ուղեղի ո՞ր մասն է աշխատում քաղաքական հարցերի վրա:
-Այսինքն՝ աշխարհն ունի ինքնիշխանության վերականգնումի խնդի՞ր:
-Աշխարհն այնքան է թաղվել շահերի մեջ, որ չգիտի՝ ուր է գնում: Քրիստոսից հետո աշխարհի շարժման ուղղությունը մեկ բառով՝ շահն է եղել: Եթե այն ժամանակ շահը 10 % էր, որովհետև առանց շահի առաջընթաց չի լինում, հիմա շահը 99 % է, 1 %-ը՝ հոգևոր արժեքներ:
-Նոր խաչելությա՞ն ենք սպասելու:
-Ոչ ոք չի ուզում հետ նայել: Սոդոմ-Գոմորում ի՞նչ եղավ: Երբ Աստված Աբրահամին ասաց՝ քեզ նման տասին կգտնես, գտա՞վ:
-Հիմա մենք բոլորս աղի արձա՞ն ենք դառնալու:
-Իսկ մենք Ղովտին կգտնե՞նք, որ Ղովտի կնոջը հասնենք: Այդ տասը կա՞ն, թե՞ չկան: Քանիսի՞ն կգտնեք, որ հոգիները սատանային չեն ծախել: Ամենամեծ խնդիրն այսօր աշխարհում մարգարեներ գտնելն է:
-Մենք գաղափարները սպառե՞լ, թե՞ այլասերել ենք:
-Սկզբից ապականում էինք, հետո չենք էլ թողնում, որ գաղափարները ծնվեն: Ի՞նչ արեց Հերովդեսը, երբ իմացավ Հիսուսի ծննդյան մասին:
-Ըստ ավետարանների՝ կոտորածն մանկանց:
-Սպանեք, որ գաղափարը չծնվի, այդ ամեն ինչն արդեն եղել է: Ոչ ոք չի ուզում ուսումնասիրել՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ է եղել: Եթե ուզում ես իրավիճակ փոխել, պատճառները պիտի վերացնես:
-Էներգետիկան ինքնին կա՞, թե՞ ստեղծվում է:
-Ապականված աշխարհում եթե էներգետիկան չլիներ, ամեն ինչ վերջացել էր: Սոդոմ-Գոմորը, ջրհեղեղը, խաչելությունը եղել են գործընթացներ, որ նպատակ ունեին: Ի՞նչ ձևով կլինի հիմա, ոչ ոք չի կարող ասել: Հայաստանը ընդհանուր գործընթացի մաս է: Կաթոլիկ եկեղեցին մեր դերը մեզնից լավ հասկանալով՝ մեծ դեր է տալիս Հայաստանին, որովհետև աշխարհի միստիկ կառուցվածքով լուրջ զբաղվող մարդիկ գիտեն՝ խնդիրը փողը, առևտուրը չէ, մարդն է, ամեն ինչ հանգում է մարդկանց: Ապականված հոգով մարդը կարո՞ղ է լավ գործ անել:
-Ապաշխարելը ժխտո՞ւմ եք:
-Ի՞նչը ապաշխարեն:
-Անառակ որդու վերադարձ չի՞ լինի:
-Կարծում եմ՝ վերադարձի տեղ չի լինի:
-Քրիստոնյաներ-մուսուլմաններ բախումի պատճառո՞վ:
-Աշխարհաքաղաքական առումով դա խնդիր չէ: Իսլամն ակտիվանում է, որովհետև ամենաերիտասարդ կրոնն է և իր արեալը չի գտել դեռ, կարծում է՝ արեալը մեծացնի, շատ կհզորանա: Այդպես չէ: Կրոնական բոլոր ուղղությունների պատմությունը ցույց է տալիս, որ կա ելակետ ու վերջակետ: Ավանդական կրոնների պատմությունը նույնն է, հիշեք քրիստոնեության մեջ ինչ բախումներ են եղել կաթոլիկների ու բողոքականների միջև, համեմատեք շիաների ու սուննիների պայքարի հետ: Աստված այնպես է անում, որ որևէ ուղղություն գերակայության հնարավորություն չունենա: Կրոնական ուղղությունների զարգացման պատմությունը կարևոր առաքելություն ունի՝ մարդուն փրկել հեթանոսական ավանդույթներից, որոնց մեջ աղետավոր դրսևորումներ կան: Մուհամեդ մարգարեն ասել էր՝ ինձնից հետո մարգարեներ չեն գալու, միայն Եսային կարող է վերադառնալ: 7-րդ դարից սկսած կա՞ն մարգարեներ: Չկան: Նոր կրոններ չեն ստեղծվում, ավելի շատ տրանսֆորմացիաներ են լինում: Փորձում են միավորել շիաներին ու սուննիներին: Բավականաչափ լուրջ ուժեր կան, որ կոչ են անում բողոքականների ու կաթոլիկների տարբեր խնդիրներն ունիֆիկացնել: Զարգացման մեջ այս ակտիվությունն ավելի շատ իսլամի տեղը չզիջելու, գլխավոր որոշումներ կայացնող ակումբում քաղաքական իսլամը մտցնելու խնդիրն է: Գլխավոր որոշումներ կայացնող ակումբը չի ներառում իսլամի ներկայացուցիչներին: Իսլամը իր կշիռը համարում է բավականին բարձր, որ խառնվի որոշումների ընդունմանն աշխարհում: Պատկերացրեք՝ էներգակիրների խնդիրը այլ լուծում է ստանում, ի՞նչ են անում արաբական երկրները, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ քաոս է սկսվելու: Թվերից բացի ի՞նչ են տվել աշխարհին արաբները: Կարո՞ղ եք մարդկության զարգացման վրա ազդեցություն ունեցած այլ փաստ նշել:
-Եվրոպան երբեք չի կորցնի ազդեցությունն աշխարհում՝ նույնիսկ թվով զիջելո՞վ:
-21-րդ դարը տնտեսության դար է, թվաքանակի հարցը միշտ էլ հնարավոր է կարգավորել: Մահմեդական աշխարհի տնտեսական հիմքը բնական պաշարներն են, եթե հանկարծ դրան հարված հասցվի, ի՞նչ կմնա նրանցից: Աշխարհն ավելի շատ պիտի մտահոգվի Չինաստանի խնդրով՝ այնտեղ են նոր տեխնոլոգիաները, արդյունաբերական կապիտալը, մարդկային ռեսուրսները: Արդյունաբերող աշխարհը շատ դժվար է ապականել, հոգևոր արժեքներն այնտեղ ամուր են: Երբ կառավարող ակումբում որոշում ընդունվեց ուժեղացնել Չինաստանը, մնացած աշխարհին մնաց սպառումը՝ նրանք արտադրում են, բարձրացնում են իրենց կենսամակարդակը, առաջադիմությունը, հոգևոր զարգացումը, փիլիսոփայությունը, մենք օգտագործում ենք նրանց արտադրանքը և ուրախ-ուրախ հետադիմում ենք: Ո՞րն է ելքը: Գիտե՞ք՝ ո՞ւմ է փնտրում աշխարհը կառավարող համակարգը:
-Մարդուն:
-Ոչ, մարգարեներին, որովհետև նրանք կարող են համակարգ փոխել:
-Իսկ եթե մարդիկ չլինեն, մարգարեներն ո՞ւմ են փոխելու:
-Եթե մարգարեներ չլինեն, մարդկանց ո՞վ է փոխելու: Նրանք կան բոլոր կրոնների, բոլոր ազգերի ներսում՝ մարդիկ, որ կարծում են՝ հոգին ավելի կարևոր է:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ